AM
1 July 2009 - 14:52 AMT

IBF պնդում է Արթուր Աբրահամ – Ջովաննի Լորենցո մենամարտի հարցում

Այսօր IBF Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան նամակ է հղել Արթուր Աբրահամի պրոմոուտերին, որում պնդում է, որպեսզի անհապաղ բանակցություններ սկսեն Արթուր Աբրահամի ու պարտադիր թեկնածու Ջովաննի Լորենցոյի մենամարտի շուրջ:

Դեռեւս չհաստատված տեղեկատվության համաձայն, Արթուր Աբրահամը, որը շաբաթ օրը հաջողությամբ պաշտպանեց իր չեմպիոնի տիտղոսը Մահիր Օրալի հետ մենամարտում, պատրաստվում է անցնել ավելի ծանր քաշային կարգ:

Եթե դա տեղի ունենա, IBF-ը ազատ մնացած գոտու համար ամենայն հավանականությամբ մենամարտ կնշանակի Ջովաննի Լորենցոյի եւ Սեբաստյան Սիլվեստրի միջեւ, ովքեր համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերն են զբաղեցնում վարկանիշային ցուցակում:

«Ինձ համար մեկ է, թե ում հետ կմենամարտեմ: Եթե Աբրահամը չմենամարտի ինձ հետ, ես նրա փոխարեն նոկաուտի կենթարկեմ Սիլվեստրին, որպեսզի նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Ես պատրաստ եմ մենամարտել նրանցից ցանկացածի հետ, թեկուզ դա լինի Գերմանիայում: Իմ հերթն է եկել, եւ ես պատրաստվում եմ տիտղոսն ինձ հետ տուն տանել: Ես արդեն պատրաստվում եմ եւ ուզում եմյ, որպեսզի ինձ հնարավորություն տան: Ես հոգնել եմ հերթի կանգնելուց: Ասացեք Աբրահամի մարդկանց, որպեսզի նրանք հեռախոսը ձեռքը վերցնեն եւ սկսեն բանակցությունները»,- Լորենցոյի խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը: