AM
2 July 2009 - 11:50 AMT

Լեւոն Արոնյանն բարելավել է իր դիրքերը ՖԻԴԵ դասակարգման աղյուսակում

Միջազգային շախմատային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխարհի առաջատար շախմատիստների վարկանիշային սանդղակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2768 վարկանիշով առաջադիմել է 2 հորիզոնականով` բարձրանալով 6-ից 4-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի անցյալ` ապրիլին հրապարակված վարկանիշային սանդղակի համեմատ առաջին երեք հորիզոնականներում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջին տեղում նախկինի պես գրոսմայստեր Վեսելին Տոպալովն է, երկրորդում` աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ երրորդում` նորվեգացի Մագնուս Կարլսենը:
5-ից 8-րդ տեղն է իջել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իսկ ռուս Վլադիմիր Կրամնիկը` 4-ից 6-րդ: Լավագույն շախմատիստների տասնյակի մեջ է մտել իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, իսկ դուրս է եկել ռուս Ալեքսանդր Գրիշչուկը:

Առաջադիմել է նաեւ մեկ այլ հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը` բարձրանալով 34-ից 25-րդ տեղը:

ՖԻԴԵ վարկանիշային սանդղակի գրոսմայստերների լավագույն տասնյակը 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ`

1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – 2813
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2788
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2772
4. Լեւոն Արոնյան (Հայաստան) – 2768
5. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) – 2760
6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 2759
7. Պետեր Լեկո (Հունգարիա) – 2756
8. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – 2756
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) – 2755
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) – 2751

ՖԻԴԵ վարկանիշով լավագույն շախմատիստների հարյուրյակի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչները`

25. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) – 2712
64. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2667
84. Արման Փաշիկյան (Հայաստան) – 2650