Տեկվանդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկ արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան 3-րդ առաջնությանը, որն ընթանում էր հունիսի 26-28 Զագրեբում (Խորվաթիա): 7 մարզիկներից բաղկացած Հայաստանի հավաքականից տարբերվեց Ավետ Ղազարյանը (մինչեւ 45 կգ):
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, չնայած, որ հավաքականը մեկ մեդալ է նվաճել, ընդհանուր առմամբ ինքը գոհ է ելույթներից:
«Մենք միջազգային առաջնություններից միշտ էլ մեդալով ենք վերադարձել: Եւ այս առաջնությունը նույնպես բացառություն չէր: Իհարկե, մենք ավելիին էինք հավակնում, բայց դա էլ վատ արդյունք չէ»,- նշել է Ղահրամանյանը: