Հայկական ավիացիայի մի քանի ոլորտներում իրավիաճակը բավականին տագնապալի է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ավիացիայի միության նախագահ Դմիտրի Ադբաշյանը: «Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կադրերի վրա: Այն դպրոցը, որն իսկական մասնագետներ է պատրաստում, մենք այսօր չունենք: Դա բացատրվում է նրանով, որ Հայաստանում չկա թեթեւ ավիացիա»,-նշել է նա: Ըստ Ադբաշյանի, չնայած նրան, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը զարգանում է, այնուամենայնիվ նրա հնարավորությունները սահմանափակ են: «Արմավիան» չունի բեռնատար ինքնաթիռներ, որոնք կկարողանան ապահովել հայկական բեռների արտահանումը: Խորհրդային տարիներին միայն Հայաստանից արտահանվում էր շուրջ 80-100 հազար տոննա գյուղմթերք: Այս գործոնն անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա»,-ասել է նա:
Կարեւոր է նաեւ հեռավոր մագիստրալային ինքնաթիռների առկայությունը: «Այսօր մեր ավիափոխադրիչները բանակցում են այս հարցի շուրջ: Պատկերացրեք, որ Երեւան-Լոս Անջելես ինքնաթիռը 2-3 վայրէջք է կատարում: Յուրաքանչյուր վայրէջքը ավելացնում է թռիչքի ժամանակը 40 րոպեով, ինչը չի կարող չանդրադառնալ նաեւ ավիատոմսերի գների վրա»,-հայտարարել է Ադբաշյանը: