Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը IBF վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,1կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանելուց հետո, ժամանել է Երեւան: Նրա ժամանման եւ պրոֆեսոինալ ռինգում վերջին հաջողության կապակցությամբ այսօր մամլո ասուլիս է կայացել, որտեղ աշխարհի չեմպիոնը պատմել է մենամարտի մանրամասների ու այցելության նպատակի մասին:
Հիշեցնենք, որ Աբրահամը 10-անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը, նոկաուտի ենթարկելով ազգությամբ թուրք Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Մահիր Օրալին: Մենամարտը տեղի ունեցավ հունիսի 27-ին:
«Ես շատ ուրախ եմ հայ լրագրողներին կրկին հանդիպել: Ես հաճախ չեմ հանդիպում ձեզ հետ, իսկ այս անգամ սա իմ ցանկությունն էր: Ինչ վերաբերում է վերջին մենամարտին, ապա միայն այն փաստը, որ ես ռինգ դուրս եկա թուրք բռնցքամարտիկի դեմ, ինձ համար լրացուցիչ խթան էր հաղթելու համար: Այդ մարտը չափազանց կարեւոր էր ինձ համար հոգեբանական տեսակետից, քանի որ թուրքի հանդեպ հաղթանակը բոլորովին այլ զգացմունքներ է առաջացնում: Եթե ես պարտվեի թուրքին, դա բացասաբար կազդեր ինձ վրա: Չէ որ բոլորը գիտեն, թե ինչպես են վարվել թուրքերը մեր նախնիների հետ, ուստի ես բոլոր ջանքերս գործադրեցի հաղթելու համար Օրալին եւ պաշտպանելու համար մեր ազգի պատիվը»,-ասել է Աբրահամը:
Նա նաեւ նշել է, որ անկախ նրանից, թե ով է իր մրցակիցը, նա միշտ ջանում է արագ հաղթնակի հասնել, եւ չի «խաղում» նրա հետ:
«Ես միշտ ձգտում են ոչնչացնել իմ մրցակիցներին, բայց միշտ չէ, որ իմ հնարավորություններս դա թույլ են տալիս: Օրալն ամուր տղա է եւ հինգ նոկդաունից հետո չէր ցանկանում հանձնվել: Սակայն ես որպես հարգանքի նշան ցույց տվեցի նրան, որ իմաստ չունի շարունակել, քանի որ դա կվնասի նրա առողջությանը: Ես մոտ եմ Օրալի մարզիչի ու փրոմոուտերի հետ, ուստի ինքս խորհուրդ տվեցի նրան դադարեցնել մենամարտը: Առավել եւս, որ գիտեմ Օրալին որպես լավ տղայի, քանի որ 6 տարի առաջ մենք համատեղ մարզվել ենք միասին»: