AM
1 September 2009 - 14:17 AMT

Սերժ Սարգսյանն ընդունել է Վիկ Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում (մինչեւ 49 կգ, IBF, WBC, WBA) աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է: Զրույցին մասնակցել են նաեւ Վիկ Դարչինյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Գերի Շոուն Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել:

Ողջունելով գաղափարը` նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաեւ Հայաստանը եւս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի: