AM
17 April 2002 - 17:51 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ TS-INVESTMENT CORP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Ամերիկյան “TS-Investment Corp” ընկերությունը 750 միլիոն դրամով(1,3 դոլար) ձեռք է բերել նախկին Երեւանի ավտոդողերի գործարանի, այժմ «Ավտոդողագործ-1» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ պայմանագիրը օրերս ստորագրվել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների եւ ֆիրմայի ղեկավարության կողմից: Ըստ պայմանագրի, “TS-Investment Corp”-ը պարտավորվել է մոտակա 2-3 տարիների ընթացքում ձեռնարկության զարգացման նպատակով ներդնել 8-10 միլիոն դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը կազմակերպել Հայաստանում շառավղային ավտոդողերի արտադրություն եւ վերսկսել անկյունագծային ավտոդողերի արտադրությունը գյուղատնտեսության համար: Արտադրանքի ծավալները չեն նշվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան ընկերությունը ձեռք կբերի շառավղային ավտոդողերի արտադրական գիծ, որի ներդնումը թույլ կտա արտադրել օրեկան 2 հազար ավտոդող: Ընկերությունը մտադիր է իրացնել պատրաստի արտադրանքը ներքին շուկայում եւ արտասահմանյան մերձավոր երկրներում: Նշենք, որ ձեռնարկության բաժնետոմսերի 25 տոկոսը հանդիսանում է աշխատավորական կոլեկտիվի սեփականությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: