«Synopsys Armenia» ընկերությունը սահմանել է «ՏՏ ոլորտի համաշխարհային հեղինակություն» ամենամյա մրցանակը:
Այսօր ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել «Synopsys Armenia»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ըստ ՀՀ նախագահի հրամանագրի, 2009 թվականին առաջին անգամ տեղի կունենա այդ մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակը դիտարկվում է որպես կապող օղակ ապագա պոտենցիալ ներդրումների համար եւ կոչված է բարձրացնելու երկրի հեղինակությունը որպես բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: Մրցանակի հանձնումը թույլ կտա ընդգծել Հայաստանի տեղն ու դերը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում, ինչպես նաեւ բարձրացնել արտերկրի ներդրողների վստահությունը:
Մրցանակը բաղկացած է մեծ ոսկե մեդալից, դիպլոմից եւ խորհրդանիշ-հուշանվերից, PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Synopsys Armenia» ընկերության մամլո ծառայությունում: