Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը դեռեւս ոչ մի պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում, վստահ է, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք միջին քաշային կարգում աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն ամերիկացի Ջերմեն Թեյլորի հետ մենամարտում ինքն է հաղթելու, իսկ մենամարտը երկար կհիշվի բռնցքամարտիկների շրջանում:
«Իմ երկու երազանքները կկատարվեն մեկ օրում: Մասնակցությունը «Super Six World Classic» մրցաշարին ինձ համար առանձնահատուկ միջոցառում է: Սա մրցաշար է լավագույններից լավագույնների համար եւ ես միշտ ցանկացել եմ հանդես գալ Բեռլինի, 12 000 երկրպագուներով լեցուն, O2 արենայում: Ես անհամբեր սպասում են Թեյլորի հետ մենամարտին եւ խոստանում եմ, որ չեմ հիասթափեցնի իմ երկրպագուներին: Հոկտեմբերի 17-ի երեկոն երկար կհիշվի»,-մեջբերում է Աբրահամին fightnews.com-ը:
Այս պահի դրությամբ Աբրահամը ջանադրաբար մարզվում է իր մարզիչ Ուլլի Վեգների ղեկավարությամբ` պատրաստվելով առաջիկա մենամարտին:
Մրցաշարից վեց շաբաթ առաջ գերմանական մամուլն արդեն սկսել է քննարկել մրցաշարի արդյունքները, որը շատերը անվանում են «բռնցքամարտիկների չեմպիոնների լիգա»:
Աբրահամի մենամարտը, երկրորդ քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Կարլ Ֆրոխի ու ամերիկացի Անդրե Դիրելլի հետ համատեղ, պաշտոնապես կազդարարի երկրորդ քաշային կարգի շրջանակներում հեղինակավոր մրցաշարի բացումը` վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ :