Այսօր Երեւանում «ՀՀ ՏՏ ոլորտներում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործման ու տարածման խնդիրները» թեմայով ասուլիսում BSA (Business software alliance) միջազգային ընկերության իրավական գծով խորհրդատու Նարինե Մկրտչյանը տեղեկացրել է լրագրողներին, որ ընկերությունը մոնիթորինգ է անցկացրել Երեւանի համակարգչային վաճառքով զբաղվող կենտրոններում: Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ պատահական սկզբունքով ընտրված 20 խանութներից միայն չորսում (UniComp, Doxx, Bever, Computer Service) գնորդներին չի առաջարկվել չարտոնագրված ծրագիր տեղադրել, բացի այդ, այդ խանութներում հրաժարվել են տեղադրել պիրատական արտադրանք:
Մյուս 16-ում, ըստ Ն.Մկրտչյանի, այս կամ այլ չափով առաջարկել են չարտոնված ծրագրային փաթեթներ: Մոնիթորինգը ցույց է տվել նաեւ, որ որոշ համակարգչային կենտրոններում ընդհանրապես բնօրինակ արտադրանք չի առաջարկվել, ավելին, եղել են դեպքեր, երբ խանութների աշխատակիցներն ուղղակի «խորհուրդ չեն տվել» նոր արտոնագրված ծրագրային փաթեթների տեղադրումը»:
Ն.Մկրտչյանը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների հրապարակումը մարդկանց ու կազմակերպությունների վարկաբեկելու խնդիր չի հետապնդում: «Մենք փորձում ենք իրազեկել սպառողին բնօրինակ ծրագրերի առավելությունների վերաբերյալ եւ խրախուսել ու աջակցել համակարգիչ վաճառող խանութներին, որոնք գործում են օրինական դաշտում»,-ասել է նա:
Վերջում Ն.Մկրտչյանն ասել է, որ BSA-ն պարբերաբար կատարելու է նմանատիպ ծրագրեր` նպատակ ունենալով հասարակությանը իրազեկել չարտոնված ծրագրերի օգտագործման եւ տարածման բարձր ռիսկերի մասին: