Սեպտեմբերի 17-ին մեկնարկում է «Չեմպիոնների լիգայից» հետո նշանակությամբ երկրորդ ֆուտբոլի եվրոպական գավաթի մրցաշարը կամ ինչպես ընդունված է այն անվանել «ՈւԵՖԱ-ի գավաթը», մինչ եզրափակիչ փուլը այս տարի հասել է նաեւ Ռումինիայի «Տիմիշոարան», որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ զույգ եղբայրներ Արման եւ Արտավազդ Քարամյանները:
Ռումինիայի փոխչեմպիոնը վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ են հայտնվել նաեւ Ամստերդամի «Այաքսը», Զագրեբի «Դինամոն» եւ Բելգիայի «Անդերլեհտը»:
Այսօր «Տիմիշոարան» իր առաջին խաղը կանցկացնի «Այաքսի» դեմ խաղում: Մասնագետներն այս խաղում Ամստերդամի ակումբին են համարում ֆավորիտ, եւ ընդհանրապես, ըստ բուքմեկերների ռումինական թիմը համարվում է A խմբի աուտսայդերը: «Տիմիշոարայի» հաղթանակն առաջիկա խաղում գնահատվում է 10 գործակիցով, այն դեպքում երբ «Այաքսի» հաղթանակը բուքմեկերները գնահատում են 1,25:
Եվ չնայած նրան, որ «Տիմիշոարայի» առաջիկա մրցակիցը առասպելական «Այաքսն» է, ռումինական ակումբի ֆուտբոլիստները չեն պատրաստվում ժամանակից շուտ հանձնվել: Ըստ ռումինացիների կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի, նա եւ նրա թիմակիցներն ամեն ինչ կանեն ապացուցելու համար, որ պատահական չեն հայտնվել Եվրոպայի լիգայում:
«Մենք գիտենք, «Այաքսը» մեծ թիմ է եւ առաջիկա խաղը դժվար է լինելու: Սակայն մենք շատ դժվար հանդիպումներ ունեցանք այս մրցաշարի ճանապարհին եւ ցանկանում ենք ապացուցել, որ պատահական չենք հայտնվել Եվրոպայի լիգայում: Մենք համերաշխ կոլեկտիվ ունենք, եւ եթե առաջիկա խաղում գործենք այնպես, ինչպես որակավորման խաղերում, մենք շանս կունենանք»,-Քարամյանի խոսքերն է մեջբերում ռումինական թիմի պաշտոնական կայքէջը:
Փորձը ցույց է տալիս, որ բուքմեկերները միշտ չէ , որ ճիշտ են լինում` ռումինական թիմը դա ապացուցեց Չեմպիոնների լիգայի դեռեւս 3-րդ որակավորման փուլում, դուրս մղելով ՈւԵՖԱ-ի գավաթակիր Դոնեցկի «Շախտյորին»: Սակայն ռումինական թիմին չհաջողվեց հաղթահարել «Շտուտգարդ» կոչվող պատնեշը` եւ «Տիմիշոարան» տանուլ տալով երկու հանդիպումներում 0:2 հաշվով, հայտնվեց Եվրոպայի լիգայում: