Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Իսպանիա հանդիպումից հետո, որում իր սաները 1:2 հաշվով զիջեցին հյուրերին, կիսվել է առանձնապես հայկական հավաքականի ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ իր կարծիքով:
«Արարատ Առաքելյանի մասին ես խոսել եմ դեռեւս նախքան հանդիպումը կայացած մամլո ասուլիսում, որ նրա գործառական պատրաստակամությունը կաղում է, ինչը եւ մենք տեսանք դաշտում: Ինչ վերաբերում է Գոհարյանի խառնվածքին, ապա նրա բնույթն է այդպիսին: Ես դիտել եմ բելոռուսյան «Բատեի» վերջին խաղը: Նա իրեն այդպես է պահում նաեւ Բելառուսի չեմպիոնի կազմում: Ես գտնում եմ, որ այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Կառլեն Մկրտչյանն է: Աղվան Մկրտչյանը երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղաց, քան առաջինում: Իսկ ինչ վերաբերում է նրա տարեկան որակազրկմանը Հայաստանի առաջնությանը, ապա ես ՀՖՖ-ին եմ դիմել Աղվան Մկրտչյանի պատիժը մեղմացնելու խնդրանքով: Ես դա արեցի առաջին հերթին հավաքականի համար, որովհետեւ մեզ ֆուտբոլիստներ են հարկավոր, որոնք խաղի փորձ ունեն»,- ասել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ «Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը 22-րդ տուրի հանդիպման ժամանակ կոպիտ խաղի արդյունքում կոտրեց Կապանի «Գանձասարի» կիսապաշտպան Արտաշես Անտոնյանի ոտքը:
Ամփոփելով իր խոսքը` Մինասյանը հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը իրենք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի դրական արդյունքի հասնեն:
«Ես կցանկանայի, որպեսզի իմ սաները Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը միայն ֆուտբոլի մասին մտածեն, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. Թուրքիայի դեմ մենք առավել մեծ պատասխանատվությամբ դուրս կգանք, քան իսպանացիների դեմ»,- ասել է հայկական հավաքականի մարզիչը:
Վերջում Մինասյանն իր կարծիքով կիսվեց Իսպանիա-Բոսնիա հանդիպման առնչությամբ` նշելով, որ Իսպանիայի հավաքականի համար բոսնիացիների դեմ մոտիվացիան բարձր չի լինելու, քանի որ այդ հանդիպման արդյունքը նրանց համար էական չէ: