Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու բանակցությունները կարող է ավարտվեն 2002 թվականի հունիս-հուլիսին: Այսպիսի ենթադրություն է հայտնել «Արկա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` «դա բավականին իրական սցենար է»: Մեկուկես ամսվա ընթացքում կավարտվի համարյա բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը: Դավթյանը հայտնել է, որ ներկայումս Հայաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ հետ «վիճելի հարցերում փոխզիջման հասնելու նպատակով»: Նրա խոսքերով` հիմնական քննարկումները տարվում են գյուղատնտեսության ոլորտում հարկային օրենսդրության հնարավոր բարեփոխումների շուրջ: Բացի այդ, կան հարցեր, որոնք առնչվում են մաքսային օրենսդրությունում փոփոխություններին, ինչպես նաեւ մտավոր սեփականության պահպանման մեխանիզմներին: «ԱՀԿ ընդգրկվելու համար բանակցություններ վարող ԱՊՀ երկրներից Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանն ամենհավանականն է», ասել է Տ. Դավթյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: