AM
16 October 2009 - 06:36 AMT

Ուլլի Վեգներ. Արթուրը հիանալի է նախապատրաստվել մենամարտին եւ շատ ուժեղ է հոգեբանորեն

Բեռլինում հետաքրքրությունը «Մեծ վեցնյակի» մրցաշարի հանդեպ շատ մեծ է: Կազմակերպիչներն ակնկալում են, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը շուրջ 14 հազար երկրպագուներ կհավաքի: Այդքան հանդիսատես Գերմանիայի մայրաքաղաքում չէր եկել նույնիսկ անցած տարվա Վիտալի Կլիչկոյի եւ Սամուել Պիտերի միջեւ տիտղոսային մենամարտին:

«Մրցաշարին մասնակցում են վեց հիանալի բռնցքամարտիկներ, եւ ոչ մի փորձագետ չի կարող կանխատեսել, թե ով կհաղթի,-ասել է փրոմոութեր Ուիլֆրիդ Զաուերլենդը, որի ընկերությունը «չեմպիոնների մրցաշարում» Աբրահամից բացի ներկայացնում է նաեւ Միկկել Քեսսլերին:

Հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլլի Վեգները վստահ է, որ իր սաներն ի զորու են ֆուրոր առաջացնել այս մրցաշարում:

«Շաբաթ օրը մեզ տեսարժան խաղ է սպասում: Ես վաղուց արդեն հետեւում եմ Թեյլորի մենամարտերին: Ամերիկացին բարձրակարգ բռնցքամարտիկ է, սակայն Բեռլինում մենք ուղղակի պարտավոր ենք հաղթողի տիտղոսով լքել ռինգը: Արթուրը հիանալի է նախապատրաստվել մենամարտին եւ շատ ուժեղ է հոգեբանորեն»,-մեջբերում է Վեգներին sportbox.ru-ն: