AM
24 October 2009 - 05:44 AMT

Լեւոն Արոնյանը թիմային ԵԱ 2-րդ տուրում Հայաստանի հավաքականին հաղթանակ է բերել ռումինացիների նկատմամբ

Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 2-րդ տուրում, որն ընթանում է սերբական Նովի Սադ քաղաքում, երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել` այս անգամ 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Այս անգամ միակ արդյունավետ պարտիան եղավ Լեւոն Արոնյան – Անդրեի Իստրատեսկու հանդիպումը, որում հաղթանակը բաժին ընկավ հայ գրոսմայստերին: Բոլոր մնացած պարտիաները ոչ ոքի ավարտվեցին:

Երկու տուրերից հետո Հայաստանի շախմատի հավաքականը 4 միավորով կիսում է 1-8-րդ տեղերը, բայց անհատական արդյունքներով գտնվում է մրցաշարային սանդղակի 5-րդ տեղում:

Երրորդ տուրում հայ շախմատիստները ուժերը կչափեն Սերբիայի առաջին հավաքականի հետ, որը մասնակից թիմերի մրցաշարային սանդղակում 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հայաստան – Ռումինիա 2,5:1,5

Լեւոն Արոնյան – Անդրեի Իստրատեսկու
Վլադմիր Հակոբյան – Լիվիյու-Դիետեր Նիսիպեանու
Գաբրիել Սարգսյան – Վլադիսլավ Նեվեդնիչիյ
Արման Փաշիկյան – Գերգերլի Սզաբո