Ուկրաինայի առաջնության 11-րդ փուլում Դոնեցկի «Մետալուրգը» իր դաշտում ընդունում էր Օդեսսայի «Չերնոմորեցին»: Ամբողջ խաղն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, եւ չնայած որ, «Մետալուրգի» ֆուտբոլիստները շատ սուր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, նրանց չհաջողվեց երկու գոլից ավելի խփել:
Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Պրիյման չկարողացավ տուգանայինից գոլ խփել եւ գնդակը հայտնվեց Շինայի մոտ եւ Դոնեցկի թիմի ձախ պաշտպանը գոլ խփեց 23 մետրից` իր առաջին գոլը գրանցելով ոչ միայն «Մետալուրգի» թիմում, այլ ընդհանրապես իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայում:
Երկրորդ խաղակեսում սպիտակ-կապույտ համազգեստով ֆուտբոլիստները շարունակեցին գրոհել հակառակորդի դարպասը: Եվ եթե Լազիչի եւ Մարիո Սերժիոյի հարվածները շեղ էին, ապա Հենրիկ Մխիթարյանը 89-րդ րոպեին իր շանսը չկորցրեց: Փոխարինման դուրս եկած Վիտալի Իվանկոն պաշտպանների թիկունքում փոխանցում կատարեց դեպի Մխիթարյանը: Հենրիկը մեկ հարվածով գրավեց «Չերնոմորեցի» դարպասը, գոլ խփելով դարապասապահի գլխավերեւից`2:0: Այսպիսով, հայ կիսապաշտպանը խփեց իրր հինգերորդ գոլը առաջնությունում` հավասարվելով Ուկրաինայի առաջնության լավագույն հարձակվողներին:
Այս հաղթանակից հետո, «Մետալուրգը», հավաքելով 21 միավոր, մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղից տեղափոխվեց 3-րդ հորիզոնական: Նախկինի պես առաջատարը Կիեւի «Դինամոն» է, որն իր ակտիվում ունի 31 միավոր, երկրորդ տեղում է Դոնեցկի «Շախտյորը» 25 միավորով