AM
26 Հոկտեմբեր 2009 - 16:27 AMT

Պատգամավորը նախազգուշացնում է Հայաստանում կոմպրադորական բուրժուազիայի հայտնվելու վտանգի մասին

«Հայ-թուրքական սահմանի բացումից կարող է մեծապես տուժել Հայաստանի տնտեսությունը, քանի որ այն շատ խոցելի է` ներմուծման ու արտահանման միջեւ բացասական սալդո գոյություն ունի, իսկ Թուրքիան չի կարող հուսալի գործընկեր լինել, քանի որ բազմիցս է հակահայկական արշավներ իրականացրել»,-հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը Երեւանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Խաչատրյանի, հայ-թուրքական բաց սահմանի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կարող է ցանկացած պահի տուժել, եթե Թուրքիան հանկարծ կրկին փակի սահմանը: «Այս դեպքում Հայաստանին բավականին բացասական հետեւանքներ են սպասում, քանի որ մեր տնտեսությունն արդեն կընտելանա տարանցմանը Թուրքիայի տարածքով»,-ասել է պատգամավորը:

Խաչատրյանը նաեւ առաջարկել է այնպիսի օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնք ուղղված կլինեն երկրում փաստացի մենաշնորհի վերացմանը, որպեսզի հայ մենաշնորհատերերը «սահմանի բացումից հետո չվերածվեն կոմպրադորական բուրժուազիայի, որը կկատարի այլ պետությունների կամքը երկրի ներսում»: «Մենք գտնում ենք, որ միայն լուրջ հակակոռուպցիոն ծրագրերից հետո հնարավոր կլինի բացել սահմանը Թուրքիայի հետ»,-ասել է Խաչատրյանը:

Իր հերթին Գ.Մինասյանն ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո շատ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար, որոնք հարկավոր կլինի հաղթահարել: Նա նաեւ նշել է, որ երկրի կառավարության մակարդակով արդեն իրականացվում են համապատասխան հետազոտություններ, մշակվում են օրենսդրական ակտեր, կազմվում են սցենարներ, որոնք ուժի մեջ կմտնեն սահմանի բացումից հետո: