AM
30 Հոկտեմբեր 2009 - 13:02 AMT

Հայաստանը շահագրգռված է բոլոր ոլորտներում խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան ՊիտերՅանԼանգենբերգն (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ բոլոր ոլորտներում: Այդ գործում մեծ դերակատարություն վերապահելով դեսպաններին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Լանգենբերգը ակտիվ կլինի եւ փոխգործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինպրես նաեւ ընդգծել է Համաշախարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» շրջանակում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարեւոր գործընթաց:

Դեսպան Լանգենբերգի խնդրանքով նախագահ Սարգսյանն ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: