AM
6 March 2002 - 18:12 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ ԱՆՎԱՆԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը նամակով դիմել են նախագահ Ջորջ Բուշին եւ կոչ են արել միանշանակ գնահատական տալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում, նամակում, մասնավորապես, ասվում է, որ 2000 թվականին, իր նախընտրական արշավի ժամանակ, Ջ.Բուշը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2001 թվականի ապրիլի 24-ի հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը եւ հայտարարել է «մոտ 1.5 միլիոն հայերի բնաջնջման մասին»: Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ նախագահին ընդգրկել «ցեղասպանություն» բառը ամերիկյան հայերին ուղղված իր ավանդական դիմումի մեջ, որով նա մտադիր է հանդես գալ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին: Նամակում ընդգծվում է այն միտքը, որ «հիմա, երբ Ամերիկան թոթափում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքները եւ արդար պայքար է մղում ընդդեմ բռնության, անհրաժեշտ է հիշել 1915 թվականի նպատակաուղղված կոտորածի զոհերի մասին»: «Հավանաբար, այսօր ինչպես երբեք մենք կարող ենք հասկանալ եւ կիսել Օսմանյան կայսրությունում անմարդկայնորեն սպանված 1.5 միլիոն հայերի սարսափն ու տառապանքը, ինչպես նաեւ նրանց, ովքեր ողջ են մնացել եւ ապաստան են գտել ԱՄՆ-յում»,- նշվում է կոնգրեսականների նամակում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: