AM
19 November 2009 - 09:18 AMT

Ռալֆ Յիրիկյանը «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտներին պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթի մասին

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման մշակույթի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված շրջանավարտների համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ընկերության մամլո ծառայությունում, «Ֆլեքս»-ը կրթական ծրագիր է, որը ֆինանսավորվում է «Միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդներ» կազմակերպության կողմից եւ հնարավորություն է տալիս Հայաստանի ավարտական դասարանների դպրոցականներին շարունակել կրթությունն ԱՄՆ-ում: Հայաստան վերադարձած շրջանավարտների համար առանձին հետաքրքրություն էր ներկայացնում կառավարման մշակույթի մասին հաջողած ընկերության փորձի փոխանակումը:

Բացառապես քննադատությանդիրքերից հանդես գալն ու ոչինչ չառաջարկելը մերժված մոտեցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Այստեղ բոլորը գիտեն, որ թիմային արդյունավետ աշխատանք պահանջելուց առաջ, կարեւոր պայման է աշխատակիցների համար համապատասխան պայմանների, ապահովության երաշխիքների ստեղծումը: Ոչ ոք չպետք է անտեսված լինի, հնարավորության սահմաններում հստակ պետք է գործի խրախուսման մեթոդը:
«Ղեկավարի գործելավոճը պետք է օրինակ լինի աշխատակիցների համար, իսկ հարգանքը, օրենքն ու պահանջը գործեն վերեւից` ներքեւ սկզբունքով: Հաջողության ձգտող ընկերության համար սկզբունք պետք է լինի կառավարման մշակույթի այս մոդելով առաջնորդվելը», – համոզված է այդ գործում հաջողած ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Այդ տրամաբանությամբ, նա ԱՄն-ում կրթություն ստացածներին հորդորում է կառավարման գործընթացում տուրք չտալ ավելորդ վարչարարությանն ու չնսեմացնել գործատու-աշխատող հարաբերությունները: Ընտրել հեռանկարային ռազմավարություն. ընկերության ներսում առաջնորդվել հարգանքի, աշխատասիրության, համագործակցելու պատրաստակամության եւ պատասխանատվության վրա խարսխված սկզբունքներով: Միշտ լինել հեռատես եւ նորարարություների ձգտող: Կարեւոր տեղ հատկացնել կորպորատիվ պատասխանատվությանը: