AM
28 November 2009 - 11:20 AMT

Մեկ ամսվա ընթացքում ՀՖՖ սեմինարներ կանցկացնի հայկական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նոյեմբերի 27-ից կվերսկսի «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության եւ մարզական գույքի բաշխման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, գործընթացը կտեւի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ ինստրուկտորները կայցելեն հանրապետության բոլոր մարզերը եւ ՀՀ գիտության եւ կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցի եւ «Ֆուտբոլ» ուսումնամեթոդական ձեռնարկի առանձնահատկություններին, կանցկացնեն գործնական պարապմունքներ: Գործընթացը կուղեկցվի նաեւ մարզական գույքի բաշխմամբ, ինչպես որ կազմակերպվել էր տարեսկզբին` «պիլոտային» 450 դպրոցների համար: