AM
30 Նոյեմբեր 2009 - 13:17 AMT

Ստեփան Սաֆարյան. ՀՀԿ համագումարը հեռու տարավ իշխանության կոալիցիայի պառակտման վտանգը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ջրբաժան է դարձել իշխանության կոալիցիայի համար: Ի հայտ է եկել երկրորդ բեւեռի հայտնվելու վտանգը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ համագումարը լիկվիդացրեց այդ վտանգը: «Ես չեմ կարծում, թե նախքան ՀՀ նոր նախագահական ընտրությունները մենք վկա կդառնանք կոալիցիայի պառակտմանը»,- նշեց Սաֆարյանը:

Մեկնաբանելով կոալիցիայի ու ընդդիմության միջեւ հնարավոր համագործակցությունը` Սաֆարյանն ընդգծեց, որ դա հնարավոր բան չէ` հղում անելով Սերժ Սարգսյանի խոսքերին այն մասին, որ «վերջնականապես չկայացած ընտրական համակարգը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, մամուլի, հավաքների ազատությունը եւ այլ ազատությունները հանգեցնում են հասարակա-քաղաքական ճգնաժամին»: «Չեմ կարծում, թե նման հայտարարությունից հետո ընդդիմությունը կցանկանա համագործակցել կոալիցիայի հետ»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով, որ նախագահի այդ հայտարարությունն ուղղակիորեն հղում էր ընդդիմությանը:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին չհամաձայնեց Սաֆարյանի կարծիքի հետ` նշելով, որ ՀՀ նախագահի հայտարարությունն ուղղված էր իշխանության բոլոր ինստիտուտներին, որպեսզի նրանք ավելի ժամանակակից դառնան: Ընդ որում, նա չբացառեց կոալիցիայի ու ընդդիմության համագործակցության հնարավորությունը: «Ինչու չէ, եթե Հայ ազգային կոնգրեսը ցանկանա միանալ ՀՀԿ նախագծերին, ապա համագործակցությունը միանգամայն հնարավոր է»,- ասաց Ավագյանը: