AM
11 Դեկտեմբեր 2009 - 13:07 AMT

ՀՀ նախագահի հայտարարությունը արժանի պատասխան էր թուրքական կողմից հնչած արտահայտություններին

«2009 թ. Հայաստանը ապրել է աննախադեպ տնտեսական անկում, այնուամենայնիվ կառավարությունը կարողացավ բնակչությանը հեռու պահել սոցիալական ցնցումներից», – ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Պատգամավորը նշել է նաեւ, որ եկող տարի սպասվում է տնտեսական աճ: Նա նաեւ կարեւորեց այն, որ բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք նշված են 2010 թ. բյուջեում, պետք է ամբողջությամբ ֆինանսավորվեն:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է «Օրինաց երկիրը» գնահատում «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, պատգամավորը նշեց, որ այն արժանի պատասխան էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հետաձգելու մասին Թուրքիայի բարձրաստիճան անձանց հայտարարությանը:

Դեկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Անկարան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը կօգտվի միջազգային իրավունքով ընձեռված հնարավորությունից: «Ես արդեն հանձնարարել եմ Հայաստանի օրենսգրքում ուղղումներ պատրաստել, որոնք վերաբերելու են միջազգային պայմանագրերի ստորագրումը, վավերացումը անօրինական հայտարարելուն», – ասել է Հայաստանի նախագահը: