Երեկ երեկոյան Թբիլիսի է ժամանել ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գործերի կոմիսար Ռոլֆ Իկերսը: Մոսկովյան «Կոմերսանտ» թերթի տվյալների համաձայն, նա կմնա Վրաստանում մինչեւ փետրվարի 9-ը եւ տեսչական ստուգումներ կանցկացնի հայերի կոմպակտ բնակեցման վայրերում: ԵԱՀԿ կոմիսարի այցի հիմնական նպատակն է` Սամցխե-Ջավախեթիի իրավիճակի ուսումնասիրությունը, որը հիմնականում հայերով է բնակեցված: Ինչպես հայտնի է, հայերը կազմում են այդ տարածաշրջանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների բնակչության գրեթե 100 տոկոսը: Ռոլֆ Իկերսը կհանդիպի Ախալքալաքի քաղաքապետի եւ հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը նախատեսում է նաեւ բանակցել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի, Խորհրդարանի խոսնակ Նինիո Բուրջանաձեի եւ արտակարգ իրավիճակների նախարար Մալխազ Կակաբաձեի հետ: Ռոլֆ Իկերսը մտադիր է լինել տարածաշրջանի հայկական դպրոցներում, այցելել հիվանդանոց եւ այլ հասրարկական հիմնարկներ: Այցի ընթացքում նրան կուղեկցեն ԵԱՀԿ դիտորդները, որոնք արդեն մի քանի ամիս է ինչ աշխատում են այս տարածաշրջանում: «Կոմերսանտը» ընդգծում է, որ ԵԱՀԿ-ի հետաքրքրությունը Սամցխե-Ջավախեթիի հանդեպ կապված է Եվրոպայի Խորհրդի առջեւ Վրաստանի կոմից իր վրա վերցված պարտավորությունների հետ` մի քանի տարվա ընթացքում տասնյակ հազարավոր մեսխեթցի թուրքերի հայրաենադարձությունը կազմակերպելու վերաբերյալ, որոնք արտաքսվել էին Սամցխե-Ջավախեթիից 1944 թվականին Ստալինի հրամանով: Ինչպես հայտնի է, շրջանի եւ հայկական, եւ վրացական բնակչությունը հայտնի պատճառներով լրջորեն անհանգստացած է թուրքերի վերաբնակեցման հեռանկարներով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: