AM
18 June 2003 - 19:01 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՃՈ ԿԼԻՆԻ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Ղարաբաղյան հարցի առնչությամբ ցանկացած որոշում անհաճո կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Նման կարծիք, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Էխո» թերթը, հայտնել է ամերիկացի քաղաքագետ, Ազգերի ուսումնասիրման ասոցիացիայի (նախկին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվրոպայի գծով) նախագահ Մայքլ Ռիվկինը: Նրա խոսքերով` այսօր դժվար է գտնել հակամարտող կողմերի համար լիովին ընդունելի որոշում: Շարունակելով իր միտքը` Ռիվկինը ենթադրում է, որ խաղաղ լուծման հետեւանքով Ադրբեջանին չի հաջողվի լիակատար վերահսկողություն հաստատել Լեռային Ղարաբաղի նկատմամբ: Բայց մյուս կողմից` Հայաստանին էլ չի հաջողվի պահպանել Ղարաբաղի հետ սահմանում գտնվող շրջանները: «Սակայն, անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած լուծում կախված կլինի այդ երկրներում ուժերի դասավորությունից»,- ավելացրել է քաղաքագետը: Այդ առնչությամբ նա նշել է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություն իրականացնել, քանի որ Հայաստանի թիկունքում կանգնած է Ռուսաստանը: Բացի այդ, Մ. Ռիվկինը կասկած է հայտնել, որ արեւմտյան երկրները, առաջին հերթին` ԱՄՆ-ը, հավանություն կտան ռազմական գործողության սկսմանը: Նա խոստովանել է, որ Բաքուն զիջում է Երեւանին քարոզչական պատերազմում, որի հետեւանքով Նահանգներում այդ առնչությամբ դեռեւս գերիշխում է հայամետ դիրքորոշումը: «Առաջին հերթին, դա կապված է հայկական լոբբիի գործունեության հետ, քանի որ ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում բարձր պաշտոններ զբաղեցնող հայերը: Որոշակի դեր է խաղում եւ այն, որ ամերիկյան հասարակայնությունը համակրանք է տածում հայերի նկատմամբ` կապված Թուրքիայում 1915 թ. ողբերգական իրադարձությունների հետ: Բացի այդ, որոշակի նախապաշարմունքներ կան մահմեդական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ շատ ահաբեկիչներ մահմեդական են»,- նշել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ, Մայքլ Ռիվկինը չի բացառում որեւէ փոփոխության հնարավորությունը: «Ադրբեջանում եւ Հայաստանում կարող են տեղի ունենալ անսպասելի իրադարձություններ, որոնք կարող են ազդել այս կամ այն որոշում ընդունելու վրա: Վերջին ժամանակներս, օրինակ, բարձր մակարդակով քննարկվել է տարածքների փոխանակման տարբերակը: Չնայած ես կասկածում եմ, որ Հայաստանն Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք կտրամադրի, քանզի այդ դեպքում նա ընդհանուր սահման չի ունենա բարեկամական Իրանի հետ: Բաքուն էլ, դժվար թե համաձայնի այդ պայմաններին»,- ասել է նա: Քաղաքագետի կարծիքով, ղարաբաղյան խնդրի լուծումը կախված չէ այն բանի հետ, թե ով իշխանության կգա Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: «Արեւմուտքը, համենայն դեպս ԱՄՆ-ը, գերադասում է կայունությունը, այդ պատճառով կաջակցի այն թեկնածուին, որը երաշխավորում է դա»,- նշել է Մ. Ռիվկինը: