AM
20 January 2010 - 09:54 AMT

«Կորուս» շախմատի փառատոնի 4-րդ տուրում Վարուժան Հակոբյանը զիջել է հոլանդացի Էրվին Լ`Ամիին

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում արդեն 5 օր է, ինչ ընթանում է «Կորուս» շախմատի փառատոնը, որը կավարտվի հունվարի 31-ին:

«B» մրցաշարում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ), որը հունվարի 19-ին կայացած 4-րդ տուրում հանդիպել է Էրվին Լ`Ամիի հետ: Հանդիպումն ավարտվել է Հակոբյանի պարտությամբ: Սա հայ շախմատիստի երկրորդ պարտությունն է եւ նա 1 միավորով նախավերջին տեղում է:

5-րդ տուրում հունվարի 21-ին Հակոբյանը կհանդիպի հնդիկ Պարիմարջան Նեգիի հետ:

Վարուժան Հակոբյանը հայ գրոսմայստեր է: 1992թ. նա 3-ն էր Հայաստանի պատանեկան առաջնությունում: Պատանիների աշխարհի առաջնությունում Հակոբյանը գրավեց 8-րդ տեղը 50 մասնակիցների թվում: 2002թ. ի վեր նա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի տակ, իսկ 2005թ. Alajuela Open Champion մրցաշարում նա գրավեց 8-րդ տեղը: 2006-ին Հակոբյանը շախմատի օլիմպիադայում ԱՄՆ հավաքականի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր: 2007թ. նա երկրորդն էր World Open Champion մրցաշարում, իսկ 2008-ին դարձավ Chicago Open-ի հաղթողը:

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքի Շախմատի փառատոնը միջազգային մրցաշար է, որը տեղի է ունենում ամեն տարի:

Ժամանակի հսկողությունը հետեւյալն է` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով 61-րդ քայլից սկսած, եթե մասնակիցներն ունեն միավորների նույն քանակը: 14 գրոսմայստերներ խաղում են շրջանակային համակարգով «A», «B» եւ «C» մրցաշարերում:

2008 թվականի մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: