AM
20 January 2010 - 10:59 AMT

Արթուր Աբրահամը պատրաստվում է Դիրելի հետ մենամարտին

Ինչպես հաղորդել է box-club.ru-ն, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, այժմ հաջողությամբ գերմիջին քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) եւ առաջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Մարկո Հուկը (Գերմանիա) համատեղ մարզական հավաքներ են անցկացնում գերմանական Կինբաումում:

«Ամեն անգամ սաունայից հետո, մենք դուրս ենք գալիս մաքուր օդի եւ դա արվում է շաբաթը երկու անգամ: Դա ամրապնդում է իմունային համակարգն ու օրգանիզմը»,-մեջբերում է Աբրահամին գերմանական Bild-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամը պատրաստվում է մարտի 6-ին կայանալիք ամերիկացի Անդրե Դիրելի հետ մենամարտին, որը կանցնի ,Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում:

Հիշեցնենք, որ մրցաշարը լքել է Ջ.Թեյլորը, որին նոկաուտի ենթարկեց Արթուր Աբրահամը: Հավանական է, որ Թեյլորի տեղը մրցաշարում կզբաղեցնի Ալան Գրին-Սակիո Բիկա մենամարտի հաղթողը, որը տեղի կունենա փետրվարի 5-ին:

Գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդես է գալիս միջին քաշային կարգում: Նա IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոնն է: WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային առաջնության տիտղոսակիր է, ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի դափնեկիր: Արթուր Աբրահամն պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերան սկսել է 2003թ.` մենամարտելով գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտի դեմ, որի ծառայողական ցուցակում այդ պահի դրությամբ կար մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ մեկ պարտություն:

Առաջին տիտղոսային մենամարտն Աբրահամն անց է կացրել Նադեր Համդանի դեմ` պրոֆեսիոնալների շրջանում WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար: Դա 13-րդ մարտն էր Աբրահամի կարիերայում, որտեղ նա հաղթեց 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Հետագայում նա երեք անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: 2005թ, վերջում IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը թափուր հայտարարվեց` գործող չեմպիոն Ջ.Թեյլորի տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու պատճառով:

2009թ. Showtime հեռուստաալիքը որոշեց անցկացնել գերմիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների մեծ մրցաշար` ,Super Six World Boxing Classic» մրցաշարը: Այդ միջոցոռւմն անցնում է շրջանակային համակարգով եւ կտեւի երկու տարի: Յուրաքանչյուր մեմամարտի համար մասնակիցը ստանում է միավորներ` երկու միավոր հաղթանակի դեպքում, երեք` վաղաժամկետ հաղթանակի դեպքում: Չորս լավագույն մարզիկները կանցնեն կիսաեզրափակիչ, հաղթողները կհանդիպեն եզրափակչում: Մրցաշարին մասնակցում են Արթուր Աբրահամը (Գերմանիա), Կառլ Ֆրոչը (Անգլիա), Միկկել Քեսլերը (Դանիա), Անդրե Դիրելը (ԱՄՆ), Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ), Անդրե Ուորդը (ԱՄՆ):

Այսօրվա դրությամբ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի`

Արթուր Աբրահամ` Գերմանիա-3 միավոր
Անդրե Ուորդ` ԱՄՆ-2 միավոր
Կառլ Ֆրոչ` Անգլիա-2 միավոր
Ջերմեն Թեյլոր` ԱՄՆ-0 միավոր
Միկկել Քեսլեր` Դանիա-0 միավոր
Անդրե Դիրել`ԱՄՆ-0 միավոր: