Ինչպես հաղորդում է sport-express.ru-ն, Մոսկվայի «Լոկոմոտիվը» բանակցում է Արգենտինայի «Նյուելս օլդ բոյզ»-ի հարձակվող Խոակին Բոգոսյանին «գնելու» շուրջ: Ըստ «Ապերտուր-2009»-ի արդյունքների, հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որի հասակաը 197 սմ է, 11 գոլ խփելով 18 խաղում, դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն:
Այժմ ֆուտբոլիստը խաղում է «Նյուելս օլդ բոյզ»-ում: Արգենտինական ակումբը մեկ տարով վարձակալել էր նրան Ուրուգվայի «Սերրո» ակումբից: Եվրոպական մի շարք ակումբներ արդեն իսկ հետաքրքրվել են նրան «գնելու» հնարավորությամբ, սակայն «Նյուելս օլդ բոյզ»-ի ղեկավարությունը հասկացնել է տվել, որ ամեն ինչ կանի ֆուտբոլիստին իր մոտ պահելու համար:
Բոգոսյանի պայմանագրում չկա այնպիսի կետ, որով նրա ներկայիս թիմը ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք ունենա: Ուստի բացառված չէ, որ հարձակվողը կտեղափոխվի Եվրոպա, հավանաբար, «Լոկոմոտիվ», որն արդեն իսկ առարկայական բանակցություններ է սկսել նրան «ձեռք բերելու» շուրջ: Հավանաբար, հարձակվողը «Լոկոմոտիվում» կհայտնվի ամռանը:
Խոակին Բոգոսյանը ուրուգվայահայ ֆուտբոլիստ է, Արգենտինայի «Նյուելս օլդ բոյզ» թիմի հարձակվող: 2009-ին նա դարձավ Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստը «Գրան DT XI» կազմակերպության հարցման արդյունքներով: