AM
24 February 2003 - 00:00 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ

Հակասություններ կան նաեւ այլ հարցերում: Մասնավորապես, Դեմիրճյանի բոլոր կողմնակիցները չէ, որ համակարծիք են այն կարգախոսի հետ, ըստ որի միայն ընդդիմության ճնշման շնորհիվ հնարավոր եղավ կանխել Ռոբերտ Քոչարյանի` առաջին փուլով հաղթանակելու մասին հայտարարությունը: Ահա ինչ է գրում այդ մասին «Ա1+»ընդդիմադիր ինտերնետային պարբերականը. «Չհաստատվեցին նաեւ այն խոսակցությունները, թե իբր ԿԸՀ-ն պատրաստվում էր հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ձայների 52 տոկոսը, եւ երկրորդ փուլ չի կայանալու»: Այդպիսով, անհասկանալի է, թե ինչու է ընդհանրապես ընդդիմությունը հրահրում ժողովրդին, եթե պարզվում է, որ Ստեփան Դեմիրճյանն իրեն ընտրված նախագահ չի համարում, համաձայնելով երկրորդ փուլի անցկացման օրինականության հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախապես էլ չէր փորձում հասնել նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչեր առաջին փուլով իր հաղթանակը:

Ի տարբերություն իր մի քանի կողմնակիցների, Ստեփան Դեմիրճյանն ավելի շատ խոսում է երկրորդ փուլի քվեարկության թափանցիկության ապահովման անհրաժեշտության մասին: Միաժամանակ ընդդիմության որոշակի հատվածը համոզված է, որ Դեմիրճյանն իրոք ավելի քիչ ձայներ է հավաքել, քան ընդդիմադիր մյուս թեկնածու Արտաշես Գեղամյանը: Սրանում համոզված է, մասնավորապես, «Ինքնորոշում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի կարծիքով երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը ոչ թե ՀԺԿ-ի առաջնորդը պետք է լիներ, այլ` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը: Հայրիկյանը վիրավորական է համարում Դեմիրճյանի կողմնակիցների հայտարարությունները վերջինիս ձայների 70 տոկոսի հավաքման մասին: Ամեն դեպքում լիովին ակնհայտ է, որ կարիք չի լինի խոսել ընդդիմության միասնականության մասին: 17.5 տոկոսով երրորդ տեղում հայտնված թեկնածուն հրաժարվել է իր ձայները տալ երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը համարձակորեն կարող է ակնկալել Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածի զգալի մասի աջակցությանը:

Առաջին փուլում նրան աջակցող կուսակցականներից շատերը չեն թաքցնում, որ երկրորդ փուլում հակված են նախապատվությունը տալ Քոչարյանին: Դեմիրճյանին միանալն անընդունելի է համարում կոմկուսի զգալի մասը: Իսկ արդեն հիշատակված Հայրիկյանն օրերս հայտարարել է, որ իրեն վախեցնում է Դեմիրճյանի «չափից ավելի հողափոխականությունը», եւ այն, որ նախագաի թեկնածուին շրջապատող մարդիկ թույլ են տալիս անօրինական գործողությունների կատարելու ակնհայտ կոչեր: Խորհրդային կարգերի նախկին այլախոհին զարմացնում է այն, որ ժողովրդականների առաջնորդի շուրջ հավաքվել են նախկին իշխանությունների հեղինակազրկված քաղաքական գործիչները: Զգուշավորության է մղում նաեւ Դեմիրճյանի թիմում հայտնված այն անձանց ներկայությունը, որոնց ինքն անվանում է «ՀՀՇ-ի սապոգներն հագած»: Դժվար չէ ենթադրել, որ նա նկատի ունի կամավորներին, որոնք դուրս են եկել «Երկրապահ» կամավորականների միության վերահսկողությունից: Խոսքը մի քանի դաշտային հրամանատարների մասին է, որոնք ժամանակին աշխատել են պաշտպանության նախարարությունում, այնուհետեւ հեռացվել են բանակից իրենց արարքների եւ անբարեխղճության պատճառով: Հայտնի է, որ նրանք այժմ ակտիվորեն համագործակցում են Դեմիրճյանին աջակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդների հետ, որոնք ձգտում են օգտագործել նախկին կամավորականներին գործող նախագահի դեմ: Հենց այս մարդկանց նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ խոսում էր Ստեփան Դեմիրճյանի օգտին խախտումներ իրականացրած կազմակերպիչների մասին:

Դեմիրճյանի կողմնակիցների որոշակի մասի փորձերն ուղղված նրան, որ քաղաքական պայքարի մեջ ներգրավեն ռազմականացված կազմակերպության կառույցներին, պատիվ չի բերում ժողովրդականների առաջնորդին: Սկսնակ քաղաքական գործիչը չպետք է դիմի «վիրավորված» ուժայինների ծառայությանը, որոնց հետ կապը կարող է բացասական ազդեցություն ունենալ նախագահի թեկնածուի բավականին մաքուր վարկանիշի վրա: Տպավորություն է ստեղծվում, որ Ստեփան Դեմիրճյանն ի վիճակի չէ լիովին վերահսկել իրադրությունն իր կողմնակիցների շրջանում: Կարծես թե, այստեղ եղանակ են փորձում ստեղծել մարդիկ, որոնք նախընտրում են ստվերում մնալ: