AM
6 Փետրվար 2010 - 10:26 AMT

Ադրբեջանի նախագահի արտահայտությունները նրա անպատժելիության հետեւանքն են

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Euronews-ին տված հարցազրույցն ավելի շուտ ասիական խանին բնորոշ հոխորտանք է հիշեցնոմ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ինչպես նշել է Սաֆարյանը, Ալիեւի նման հայտարարությունները պատերազմի մասին Ադրբեջանի ղեկավարության անպատժելիության հետեւանքն են, որը սկիզբ է առնում դեռ 1990-ականներից եւ որը պետք է հստակ իրավական գնահատական ստանա Հայաստանի ղեկավարության կողմից:

Մեկնաբանելով Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե ինքը թույլ չի տա օգտագործել ժողովրդավարական լծակներն երկրում իշխանափոխության հասնելու համար, Սաֆարյանը նշել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, եվրոպական ընտանիքը, վաղուց պետք է ելքի դուռը ցույց տար Ալիեւին: «Ժողովրդավարության անկումն երկրի ներսում կհանգեցնի արկածախնդրության արտաքին քաղաքականության ոլորտում եւ ժողովրդավարության հաստատումը վաղուց արդեն դադարել է լինել միայն երկրի ներքին խնդիրը»,-ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: