Հայաստանի նախագահը փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների Chatham House թագավորական ինստիտուտում ունեցած ելությում արծարծել է պատմական արդարության հարցը եւ ներկայացրել է միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության լիարժեք պատկերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:
Ըստ Ջամալյանի, եվրոպական երկրները գիտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին միայն ղարաբաղյան հակամարտության միջոցով, իսկ նախագահն իր ելույթում արծարծեց Նախիջեւանի հարցը եւ նշել է նրա պատմական պատկանելությունը Հայաստանին: «Նախագահն իր ելությում հասկացրել է եվրոպական երկրներին, թե ինչ կարող է տեղի ունենալ ԼՂՀ -ի հետ, եթե այն հանկարծ հայտնվի Ադրբեջանի կազմում»,-ասել է նա:
Հոգեբանը նշել է նաեւ, որ նախագահի ելույթն Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմի մի մասը կարելի է համարել, քանի որ նման բարձր ամբիոնից հնչեցվեցին հայկական կողմի մոտեցումները:
Անդրադառնալով նրան, որ Ս.Սարգսյանը հայտարարեց, թե կհրավիրի Ի.Ալիեւին մասնակցել հայ-թուրքական սահմանի բացմանը, Ջամալյանը նշեց, որ ՀՀ ղեկավարն այդպիսով ի ցույց դրեց ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ես պատկերացնում եմ, թե ինչ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում Ադրբեջանի ղեկավարը, Հայաստանի նախագահի նման հայտարարությունից հետո»,-ասել է նա:






