ՎՈւԱՄ միջազգային կազմակերպությունը, որը միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան, կվերածվի մեռած կառույցի, եթե չվերադառնա տնտեսական հարթության վրա, ասել է ուկրաինացի քաղաքագետ Անդրեյ Երմոլաեւը: Նրա խոսքերով, ՎՈւԱՄ-ը ստեղծվում էր որպես հեռանկարային տնտեսական կազմակերպություն: Սակայն, ժամանակի հետ տեղի ունեցավ քաղաքականացում, ինչը գրգռիչ գործոն դարձավ Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Ըստ էության փորձ արվեց ՎՈւԱՄԸ վերածել զսպող գործոնի Մոսկվայի նկատմամբ:
ՆԱՏՕ-ի հետ կապված հարաբերությունների վերաբերյալ ուկրաինացի քաղաքագետը կարծիք հայտնեց, որ գործընկերային հարաբերությունների մակարդակը կպահպանվի: Նրա խոսքերով, Ուկրաինան կշարունակի դուրս մնալ դաշինքից, սակայն չի բացառվում, որ նա կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Իր հերթին վրաց քաղաքագետ Սոսո Ցինցաձեն կարծում է, որ Վրաստանում Կիեւի նկատմամբ պետք է ժամանակավորապես մոռանան «ռազմավարական գործընկեր» տերմինը: «Ուկրաինան Վրաստանի համար մնում է ուղղակի գործընկեր»: Այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք եղել էին Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր չէ ընդհատել մեկ օրում, սակայն ռազմական համագործակցությանը, եւ զենքի առաքմանը վերջ կդրվի: Ուկրաինան կարող է դուրս գալ կազմակերպությունից: Նրան կարող է հետեւել նաեւ Մոլդովան»,-ասել է Ցինցաձեն:






