AM
17 Փետրվար 2010 - 11:56 AMT

ԵԱՀԿ նախագահի այցը տարածաշրջան ընդունված պրակտիկա է

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան դրականորեն կիրառելի պրակտիկա է:

ԵԱՀԿ նախագահող յուրաքանչյուր երկիր հայտարարում է իր առաջնահերթությունների մասին, Ղազախստանն առաջնահերթություն է կոչել ղարաբաղյան հարցի կարգավորումը, ընդ որում, հարցը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գիրգորյանը:

Գրիգորյանի խոսքերի համաձայն, վերը նշվածից ելնելով, հակամարտող կողմերի հետ դիրքորոշումներին ծանոթանալու համար ԵԱՀԿ նախագահի այցը տարածաշրջան, դրական երեւույթ է, այն նաեւ պատմական համատեքստ ունի: «Ի սկզբանե Ղազախստանը որպես շահագրգիռ կողմ էր հանդես գալիս ղարաբաղյան կարգավորման հարցում», – նշել է փորձագետը:

Գրիգորյանը նշել է, որ Ղազախստանի ԱԳ նախարարը այցի ընթացքում հանդիպել է ոչ միայն երկրի ղեկավարների, այլեւ խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «ԵԱՀԿ գործող նախագահը ծանոթացել է ղարաբաղյան հարցում Հայաստանի քաղաքական առավել լայն շրջանակի կարծիքներին», – ասել է նա: