«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել այնքան ժամանակ, քանի դեռ չի քննարկվում իրավական դաշտում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Ըստ Ալավերդյանի, այն, որ երեկ Հայաստանի ԱԳ նախարարն իր հայտարարության մեջ արծարծել է Մարդակերտի, Մարտունու եւ Շահումյանի հարցը, շատ ողջունելի է: «Սակայն ինձ համար ավելի կարեւոր է, որ այդ հայտարարությունը լոկ հայտարարություն չմնա, այլ վերածվի իրական քաղաքականության»,-նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի ելույթին Մեծ Բրիտանիայի Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Լ.Ալավերդյանը նշել է, որ դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի դեռ Հայաստանի նախագահի ելույթի հիման վրա փոփոխության չի ենթարկվել երկրի արտաքին քաղաքականությունը: «Այդպես, ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի խնդրի շուրջ փայլուն ելույթ ունեցավ Ստրասբուրգում, սակայն դրան հետեւեցին Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 16-ի հանդիպմանը ԵԱՀԿ նախագահի հետ, ապա, ըստ Ալավերդյանի, դա կարելի է եւս մեկ քայլ համարել բանակցային գործընթաց Արցախը վերադարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրությունների հավանական վավերացմանը Հայաստանի խորհրդարանում` նա նշել է, որ այդ դեպքում «Ժառանգությունը», հավանաբար, ոչ թե վերապահումներ կառաջարկի, այլ կներկայացնի Արձանագրություններից հրաժարվելու որոշման նախագիծ:






