Ավելի քան 400 զինծառայող 19 երկրներից կմասնակցեն այսօր Հայաստանում մեկնարկող «Cooperative Best Effort 2003» զորավարժություններին, որոնք կկայանան հունիսի 16-27 ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 8 երկրներ (Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան) եւ գործընկեր 11 երկրներ (Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան եւ Ուզբեկստանը): ՆԱՏՕ-ի միացյալ հարավային հրամանատարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զորավարժություններին անմիջականորեն կմասնակցի մեկ առանձին գումարտակ, կազմված յուրաքանչյուր երկրից 10-20-ական զինծառայող ներառնող ստորաբաժանումներից: Նրանք միմյանց զենքից կրակելու հմտություն ձեռք կբերեն, փորձի փոխանակում կանեն ականների հայտնաբերման եւ ծուղակից դուրս գալու գործում: Նշենք, որ ՆԱՏՕ-ի նման զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Ռուսաստանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանում նման զորավարժությունների անցկացումը շատ օգտակար կլինի երկրի զինված ուժերի համար: Նրա խոսքերով, հայկական զինծառայողները «սովորելու շատ բան ունեն Հյուսիսատլանտյան դաշինքից»: