ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավարի ընտրության հարցը մշտապես գտնվում է Բյուրոյի օրակարգում, սակայն այդ հարցը մշտապես հետաձգվել է տարբեր պատճառներով: Այդ մասն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Առաջին հերթին, նորընտիր նախագահը պետք է բավականին կշիռ ունեցող քաղաքական գործիչ լինի, որը պետք է արժանանա բոլոր կողմերի վստահությանը: Դրանից է կախված ենթակոմիտեի հետագա գործունեությունը»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա, առանց հայկական եւ ադրբեջանական կողմի նախնական խորհրդակցությունների հնարավոր չէ նոր ղեկավար ընտրել:
«Այս պահին նման հարց չի քննարկվում»,-ասել է Դավիթ Հարությունյանը:
Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ մարտի 17-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության քննարկումը, Հարությունյանն ասել է, որ անհնար է համարում այն, որ տվյալ քննարկումների ընթացքում կարող է ընտրվել նոր ղեկավար, քանի որ տվյալ պահին ընդունելի թեկնածություն չկա:






