Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Թախթի գավաթ» մրցախաղը, որն անցկացվում էր փետրվարի 18-19-ին` Սահանում(Իրան): Մրցախաղի երկրորդ օրը հայ մարզիկներից Ռուսլան Բասիեւը (120 կգ) գրավեց արծաթե մեդալ:
PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ մեր մարզիկները շահել են 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: «Կարծում եմ, որ մեդալներն ավելի շատ կարող էին լինել, սակայն ես գոհ եմ մեր մարզիկների ելույթներից», – ասել է Բաղդադյանը:
Հայաստանի հավաքականը մարտի 6-20-ը Վլադիկովկասում կանցկացնի ուսումնամարզական հավաք` Օսիայի հավաքականի հետ միասին:
«Մարտի 28-ից մեր վերջին հավաքն է լինելու Երեւանում, որից հետո կմասնակցենք Եվրոպայի մրցախաղին», – ավելացրել է գլխավոր մարզիչը: