AM
26 Փետրվար 2010 - 12:02 AMT

Հայաստանի ղեկավարությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են մեկնաբանում «խելամիտ ժամկետներ» հասկացությունը

«Կարծում եմ` Հայաստանի խորհրդարանը պետք է «խելամիտ ժամկետների մասին» օրենք ընդունի, քանի որ Հայաստանի ղեկավարությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են մեկնաբանում «խելամիտ ժամկետներ» հասկացությունը»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում, մեկնաբանելով Կիեւում փետրվարի 25-ին կայացած Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը, հեգնանքով հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը միշտ խոսում է խելամիտ ժամկետների մասին, բայց չի ընդգծում, թե երբ է ժամկետը սպառվում: «Այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը Թուրքիայի հայտարարություններից իմացավ այն մասին, որ նրա դիրքորոշումը Հայաստանի եւ ԼՂՀ առնչությամբ չի փոխվել, հարկավոր էր անմիջապես հայտարարել, որ հայկական կողմը չի ցանկանում հարաբերություններ ունենալ նման երկրի հետ»,- նկատեց նա:

Դրա հետ մեկտեղ գոյություն ունի վտանգավոր միտում. եթե հանկարծ Հայաստանն առաջինը վավերացնի հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունները, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թուրքական կողմից այդ փաստաթղթերի վավերացման մշտական ձգձգման «պատանդը» կդառնա: