Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փետրվարի 26-ին հանդիպեցին լրագրողների հետ:
Հայաստանի հավաքականն արդեն պատրաստվում է Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին Անթալիայում: Գլխավոր մարզիչը հրապարակեց հավաքականի կազմը, սակայն Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ կան որոշ ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը հարցականի տակ է:
«Դարպասապահ Գեւորգ Կասպարովը հաղորդեց, որ գլխացավեր ունի եւ չի կարողանա Երեւան ժամանել: Առայժմ պարզ չէ, թե արդյոք կժամանեն Արթուր Եդիգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը»,- ասաց Հայրապետյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով, ՀՖՖ-ն ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել Քարամյան եղբայրների հետ: «Ես ցանկանում եմ նշել, որ եթե նրանք շարունակեն իրենց այդպես դրսեւորել եւ հավաքներին չմասնակցեն, ապա այլեւս հավաքականի կազմում չեն լինի»,- ասաց Հայրապետյանը:
Հավաքականի կազմում ներկայացված չի նաեւ «Մետալուրգի» (Ուկրաինա) ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: «Ես ինքս եմ նրանց թույլ տվել, քանի որ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում նրա թիմին ծանր խաղ է սպասվում»,- ավելացրեց Հայրապետյանը:






