AM
12 December 2001 - 18:47 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ԼԵԳԻՈՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Պետության ղեկավարը այդ բարձր պարգեւը Հայ առաքելական եկեղեցու պատիրարքին է հանձնել երեկ Ելիսեյան պալատում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հանձնման արարողությանը ներկա են եղել մոտ 250 հյուրեր, որոնց թվում դիվանագետներ ու Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ, ֆրանսիացի ու թուրք լրագրողներ: Պարգեւի հանձնման արարողությունից հետո ունեցած ելույթում` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մասնավորապես նշել է, որ Ֆրանսիան «Հայաստանի հանդեպ ջերմ զգացմունքներ է տածում եւ շատ է ցանկանում օգնել ինչպես տնտեսական ճգնաժամից դուրս գալու, այնպես էլ ձգձգվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու գործում»: Նա նաեւ բարձր է գնահատել Ամենայն հայոց կաթողիկոսի դերը Հայ առաքելական եկեղեցու եւ մյուս քրիստոնյա եկեղեցիների միջեւ հարաբերությունների ամրպնդման ու զարգացման գործում: Գարեգին Երկրորդը նշել է, որ Հայաստանը պայքարել ու պայքարելու է խաղաղության համար, քանի որ դա երկրի վերածնման միակ ուղին է: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` պատրիարքը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը առավելագույն ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան ուներ եւ այժմ էլ շարունակում է զգալի դեր ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում, աջակցում է հակամարտության կողմերի հանդիպումների կազմակերպմանը եւ նրանց միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Ժակ Շիրակի ու Գարեգին Երկրորդի միջեւ կայացած զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է հակամարտության կարգավորման բարդությունը այն պայմաններում, երբ կողմերից մեկը` Ադրբեջանը ի դեմս Հեյդար Ալիեւի, չի կատարում բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: Շիրակի կարծիքով, Հեյդար Ալիեւը նոր նախագահական ընտրությունների շեմին պետք է շահագրգռված լիներ իր հեղինակությունը օգտագործելու իր երկիրը կայուն ու խաղաղ վիճակում թողնելու համար, եթե Ադրբեջանի նախագահը նախատեսում է իր պաշտոնը թողնել որդուն` Իլհամ Ալիեւին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: