Հայկական մասնավոր ընկերությունները եւ կառավարական կառույցները պետք է շուտափույթ կերպով լուծեն տեղեկատվական անվտանգության հարցը, կարծում է Apaga Technologies ընկերության մարքեթինգի բաժնի մենեջեր Հայկ Ասրիյանցը: Ինչպես նշել է Հայկ Ասրիյանցը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում, հայկական ընկերությունները եւ կազմակերպությունները հազվադեպ են կիրառում SSL հավաստագրերը, որն ինտերնետում սերվերի եւ ընկերության միջեւ փոխանցվող տեղեկություններն անպաշտպան է դարձնում:
«Հարցն առավել սուր է դրվում, երբ գործարքը տեղի է ունենում Հայաստանի սահմաններից դուրս, թեեւ երկրի ներսում էլ գոյություն ունեն նման վտանգներ: Երբ դուք գնումներ եք կատարում online-խանութներում, ուղարկում կամ ստանում եք հաշվետվություն, ձեր տվյալները կարող են բռնագրավվել պրովայդերից սերվեր ճանապարհին ցանկացած հանգույցում: Այսօր դա հույժ կարեւոր խնդիր է պետական կառույցների համար, որոնք իրենց կայքերում չեն կիրառում գաղտնագրեր: Ինչպես հայտնի է, Ինտերնետի փոխանցման մեծ մասն իրականանում է Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներով: Դա պաշտոնական գրագրությունը խոցելի է դարձնում»,- նշել է նա:
Այդ խնդրի լուծումներից մեկը հավաստագիրն է` մշակված երրորդ կողմի կողմից: Apaga Technologies-ն առաջարկում է օգտվել VeriSign ընկերության արտադրության SSL հավաստագրերից, որոնց վստահում են աշխարհի 96 խոշորագույն բանկերը: Հայկ Ասրիյանցի խոսքերով տվյալների պաշտպանության խնդիրն առավել հրատապ է դառնում երկրում: Այսպես, անցյալ տարի հայկական բանկերից մեկը 150 000 մլն դոլար արժողությամբ վնաս է կրել տվյալների փոխանցման համակարգի ոչ բավարար պաշտպանվածության պատճառով: Միաժամանակ, ԱՄՆ-ում նման կորուստները միլիոնավոր դոլարների են հասնում: «Տեղեկատվական անվտանգության հարցը պետք է սկսել լուծել անհապաղ, առավել եւս, որ խոսքը գնում է մեծ գումարների մասին»,- ասել է նա:
Այսօրվա դրությամբ անվտանգ ծածկագրեր կիրառող կազմակերպությունների շարքում են մի շարք հայկական բանկեր, ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաեւ VivaCell-MTC եւ Orange Armenia բջջային կապի օպերատորները: