Փետրվարի 27-28-ին Պրահայում տեղի է ունեցել Ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին Արմեն Նազարյանը (66կգ ք/կ), Համբարձում Տոնոյանը (66կգ ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ ք/կ):
Աշխարհի գավաթը նվաճել է Արմեն Նազարյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը, Արմեն Նազարյանը ՀՀ հավաքականի ամենափորձառու ձյուդոիստներից մեկն է եւ շարունակում է լավ մարզավիճակում մնալ: «Արմենից բացի, իմ ակնկալիքներն արդարացրեց նաեւ երիտասարդ մարզիկ Արտյոմ Բաղդասարյանը: Նա շատ լավ մեկնարկեց, սակայն ստացավ մեջքի վնասվածք եւ ավարտեց իր ելույթները: Իսկ Հակոբ Առաքելյանը առաջին անգամ էր հանդես գալիս այս քաշային կարգում»,-ասել է գլխավոր մարզիչը:
Ըստ նրա, ձյուդոիստները բավականին լավ հանդես եկան: «Մինչ գավաթի մրցաշարը մենք ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել արտերկրի ձյուդոիստների հետ: Մրցավարները ծանոթացրեցին մեզ այն մի քանի փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել ձյուդոյում»,-ասել է Գեւորգյանը:
Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին Վիեննայում, ձյուդոիստները մարտի 7-ին կմասնակցեն Հայաստանի գավաթի առաջնությանը: Դրանից հետո կձեւավորվի հավաքականը, որը մարտի 15-29-ին հավաքներ կանցկացնի Աբովյանում` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: