AM
5 March 2010 - 08:54 AMT

Վիկ Դարչինյան. Ռոդրիգո Գուերրերոյի հետ մարտը հեշտ չի լինելու, բայց ես պատրաստ եմ իմ գործը գերազանց կատարել

WBF/IBF վարկածներով առաջին գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (33-2-1, 27 նոկաուտ) եւ մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գուերրերոն (13-1-1, 9 նոկաուտ) մարտի 4-ին ԱՄՆ-ում մարտի 6-ին կայանալիք մենամարտից առաջ մամլո ասուլիս են տվել: Ինչպես հայտնում է boxingscene.com-ը, մարտը տեղի է ունենալու Ռանչո Միրաժում (Կալիֆորնիա):

«Ես ինձ իսկապես լավ եմ զգում եւ հաջող մարզումներ եմ անցկացրել: Կփորձեմ օգտագործել իմ բոլոր հնարավորությունները: Գուերրերոն լավ բռնցքամարտիկ է, կարծում եմ բռնցքամարտում նա ապագա ունի, բայց դա կլինի շաբաթ օրվա իմ հաղթանակից հետո: Մարտը հեշտ չի լինելու, բայց ես պատրաստ եմ իմ գործը գերազանց կատարել»,- ասել է Դարչինյանը:

Գուերրերոյի պարտության դեպքում Դարչինյանը հավանաբար ռեւանշ է անցկացնելու ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրայի հետ:

Վախթանգ (Վիկ) Դարչինյան-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս 2-րդ գերթեթեւ քաշային կարգում: Աշխարհի չեմպիոն է գերթեթեւ քաշային կարգում (IBF վարկածով, 2004-2007): Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Դարչինյանն առաջին անգամ հանդես եկավ 2000-ին Ավստրալիայի դրոշի տակ: 2009-ից ներկայացնում է Հայաստանը: Անցկացրել է 36 մենամարտ` 34-ում հաղթել է (27 նոկաուտ), եւ պարտվել 2-ում: