AM
6 March 2010 - 12:57 AMT

Կարեն Միրզոյանը Հայաստանի սնոուբորդքրոսի առաջին չեմպիոնը դարձավ

Մարտի 6-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի սնոուբորդքրոսի (բորդերքրոս) առաջին բաց առաջնությունը, որին մասնակցում էին 24 մարզիկներ: Նրանցից 4-ը ելույթ ունեցան կանանց մրցաշարում: Կանանց առաջնությունը փորձնական էր:

Հայաստանի առաջին մրցաշարում հաղթեց Կարեն Միրզոյանը (Ծաղկաձոր), երկրորդ տեղում Մհեր Գալստյանն է (Երեւան), երրորդում` Սեյրան Հարությունյանը (Երեւան): Մրցանակակիրները գավաթներ եւ վկայագրեր ստացան, որոնք նրանց հանձնեցին Հայաստանի Սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Սեդրակ Քոչարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները բոլոր մասնակիցներին վկայագրեր հանձնեցին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ Օլիմպիական կոմիտեի հրավերով Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթոքհաուսը եւ Էրին Քոմսթոքը: Նրանք Հայաստան են ժամանել «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում եւ նպաստել Հայաստանում սնոուբորդի առաջնության անցկացմանը:

ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից Յովանովիչը, Սթոքհաուսը եւ Քոմսթոքը հուշանվերներ ստացան: Ծաղկաձորի քաղաքապետի անունից «հանդիսատեսի համակրանքի» մրցանակ ստացավ Աննա-Մարի Սարգսյանը: