Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նա մի շարք հանդիպումներ է ունեցել այդ կապակցությամբ: Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարեւորության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար: Զրուցակիցները երկուստեք համոզմունք հայտնեցին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը Ռումինիա մեծապես կնպաստի հայ-ռումինական համագործակցության հետագա զարգացմանը:
Նախագահ Բասեսկուի խնդրանքով դեսպան Սարգսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին իր առաքելության իրականացման տարիներին ցուցաբերած աջակցության եւ համագործակցության համար:
Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում, եւ խոսվել է հնարավոր նոր ծրագրերի մասին:
Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելի հետ ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ եւ ռումին քույր եկեղեցիների միջեւ ավանդական կապերի եւ դրանց հեռանկարների վերաբերյալ:






