AM
10 Մարտ 2010 - 14:07 AMT

Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հույս հայտնում, որ այն կներառվի Կոնգրեսի նիստերի օրակարգում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը:

Բաբայանի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 252 բանաձեւի հնարավոր ընդունումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները քայլեր են ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար: «Եվ եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա կարող են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության որոշակի փոփոխությունների հետ կապված խնդիրներ առաջանալ»,- նշեց նա:

Բաբայանը նկատեց նաեւ, որ հաշվի առնելով վերը ասվածը, բոլորովին պատահական չեն Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի` Հայաստան այցելելու մասին խոսակցությունները, քանի որ այդ քայլով Մոսկվան ողջ աշխարհին ցույց կտա, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն իր ուշադրության գոտում է:

Ինչպես նկատեց Վահան Բաբայանը, հայ-թուրքական մերձեցման գործընթացում մինչեւ ապրիլի 24-ը որոշակի տեղաշարժեր տեղի կունենան, եւ եթե մինչ այդ Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները, ապա գործընթացի ձախողման համար ողջ պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը:

Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղարը շատ հոռետեսորեն է վերաբերվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման դեմ` կապված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ: «Թուրքիան ստիպված կլինի ընդհանուր լեզու գտնել Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաեւ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց նա:

Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության առնչությամբ Բաբայանը նկատեց, որ պետք չէ հավատալ որոշ անձանց անիմաստ խոսակցություններին, թե իբր իրադրությունը երկրում բորբոքվում է կամ սոցիալական ընդվզում է տեղի ունենալու: