AM
11 Մարտ 2010 - 10:54 AMT

Գրիգոլ Տաբատաձե. «Վերին Լարս» ՀԱԿ բացումը ոչ մի կերպ կապված չէ հայ-թուրքական գործընթացի հետ

«Վերին Լարս» ՀԱԿ բացումը կապված չէ հայ-թուրքական հարաբերությwuնների կարգավորման գործընթացի հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Վերջին ժամանակները ԶԼՄ-ներում հանդիպում են հայտարարություններ այն մասին, որ Վրաստանը բացել է «Վերին Լարս» ՀԱԿ-ը նրա համար, որովհետեւ վախեցել է հայ-թուրքական գործընթացից: Ես ցանկանում եմ նշել, որ մենք ոչ մեկից եւ ոչ ոքից չենք վախենում»,- ասել է Տաբատաձեն, ավելացնելով, որ «Վերին Լարս» ՀԱԿ բացումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած պայմանավորվածություն ընդունելի կլինի Վրաստանի համար:

Միաժամանակ մեկնաբանելով Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսել Մալաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ ՀԱԿ բացումը կովկասյան խնդիր է, Տաբատաձեն ասաց, որ այս հարցի լուծմանը մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք շահագրգռված են այս գործընթացում: «Անցակետը բաց է բոլորի համար: Սա սովորական տնտեսական հարց է»,- ասել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը: