AM
11 Մարտ 2010 - 12:08 AMT

Հայաստանի կառավարությունը մերժել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը

Մարտի 11-ին Հայաստանի կառավարությունը մերժել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը` «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքերի համաձայն, օրինագծում ներկայացված էին երեք մոտեցում` անվավեր ճանաչել միջազգային պայմանագիրը, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել: Այս կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ այդ հարցն արդեն լուծված է, եւ 2010 թ. փետրվարի 25-ին Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ է կատարել:

Երկրորդ դրույթը վերաբերում է այն բանին, որ Ազգային ժողովը պետք է լիազորություններ ունենա իր վերապահումները արձանագրել միջազգային պայմանագրում եւ մինչեւ այն ուժի մեջ մտնելը` դադարեցնել ստորագրման ընթացակարգը: «Քանի որ ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, հետեւաբար օրենքի շրջանակում ԱԺ-ին լրացուցիչ լիազորություններ տրամադրելն անընդունելի է», – բացատրել է նա:

Պատգամավորների երրորդ առաջարկությունը վերաբերում էր այն բանին, որ սահմանվեն այն դեպքերն ու հիմնավորումները, որոնց հիման վրա կարելի լինի դադարեցնել կամ կիրառել վերապահումներ: «Այստեղ հարցը վերաբերում է այն բանին, որ եթե մենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում իրավունք ունենանք ընտրողաբար արձանագրել այս կամ այն դեպքը, դրանով մենք միայն կարող ենք սահմանափակել մեր հնարավորությունները. այս մոտեցումը եւս անընդունելի է», – ավելացրել է նա: