AM
12 March 2010 - 10:19 AMT

Երեւանում տեղի ունեցավ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» գրքի շնորհանդեսը

Մարտի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերչադարձը» գրքի շնորհանդեսը: Հեղինակին շնորհվեց Հոլանդիայի երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» մրցանակը, որը տրվեց «Լավագույն պոեզիա» անվանակարգում:

Բանաստեղծին ապակե արձանիկն ու դիպլոմը հանձնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ողջույնի խոսք ասացին Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը եւ Հայաստանի մշակույթի նախարարության գրահրատարակչական գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը եւ այլք:

«Կանաչ աստվածների վերադարձը» գրքի շնորհանդեսը փետրվարի 2-ին տեղի է ունեցել նաեւ Հոլանդիայի Մասլուս քաղաքի արվեստի կենտրոնում: Այս առաջին գիրքն է, որ վերջին մի քանի տասնամյակում հայերենից հոլանդերեն է թարգմանվել: Թարգմանիչը Աննա Մարիա Մարտիրոսյան-Մաթահարան է, ով հոլանդերեն է թարգմանել նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսը: Գիրքը լույս կտեսնի ապրիլին:

«Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուն թարգմանվել է նաեւ ռուսերեն եւ անգլերեն, ընդ որում թարգմանությունը կատարել է հեղինակը: