AM
15 Մարտ 2010 - 14:20 AMT

Սերգեյ Կապինոս. «Հայաստանում իրավիճակն անկայուն դառնալու վտանգ չկա»

«Ես չեմ կանխատեսում այնպիսիս լարվածության առաջացում, որը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը` մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` այս տարի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հավանականության մասին:

Նրա խոսքերի համաձայն, բոլոր տարբերակները հնարավոր են, սակայն Հայաստանում իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է եւ անկայունության որեւէ վտանգ չկա:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ է ազդել Հայաստանի վրա, ինչն էլ առաջացրել է սոցիալական լարվածություն», – ասել է Կապինոսը: Նա հատուկ նշել է, որ երկրի տնտեսությունը այնքան էլ ժամանակակից ու դինամիկ չէ, ինչպես թվում է, երբ հիմք ենք ընդունում ընդհանուր ցուցանիշներն ու թվերը: Հայ հասարակության մեջ տիրող լարվածությանն անդրադառնալով, դեսպանն ասել է, որ դրա պատճառը երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներն են: Այս համատեքստում Սերգեյ Կապինոսը հատուկ շեշտել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Այդ գործընթացը բուռն զգացմունքներ է առաջացրել: Հասարակության տարբեր շերտերն ու քաղաքական կուսակցությունները կտրուկ են արձագանքել հայ-թուրքական երկխոսությանը», – նշել է Կապինոսը, ավելացնելով, որ այս պահին երկրում իրավիճակը կայուն է: